National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
08.06.2022
Խոշորացման գործընթացը կարեւոր դեր է խաղում համայնքների զարգացման գործում. Վահե Ղալումյան
1 / 38

2015 թ. մինչ օրս «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի փոփոխությունների արդյունքում իրականացվել է համայնքների միավորման 5 փուլ, որի արդյունքում Հայաստանի 908 համայնք միավորվել է՝ դառնալով 79 խոշորացված համայնք: Ամենածավալուն գործընթացն իրականացվել է 2021 թվականին՝ 441 համայնք միավորվել է՝ ստեղծելով 36 նոր վարչատարածքային միավոր: Այս մասին ասել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը՝ հունիսի 8-ին հրավիրված  խորհրդարանական լսումների ժամանակ: Լսումների թեման  ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության օրենքի նախագիծն էր, որը վերաբերում է համայնքների խոշորացմանը:

«Համայնքների խոշորացման գործընթացը կարեւոր դեր է խաղում համայնքների զարգացման գործում»,- ասել է նա՝ հավելելով, որ  գործընթացի արդյունքում լուծվում են բազմաթիվ կարծրացած հիմնախնդիրներ: «Արդեն խոշորացված համայնքների բնակչությունը ժամանակի ընթացքում գործընթացի դրական արդյունքները վեր է դասում փոքր տեղային հարցերից: Սկզբնական շրջանում գյուղապետարանների աշխատակազմերի կրճատումը հետագայում համալրվելու է նոր հաստիքներով, որոնք մեծացնելու են համայնքների պոտենցիալը, որին, համոզված եմ, ըմբռնումով են մոտենում մեր համաքաղաքացիները»,- նշել է պատգամավորը՝ անդրադառնալով համայքների խոշորացման գործընթացի վերաբերյալ փոքրաթիվ բացասական կարծիքներին:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի ներկայացմամբ՝ նախագծի ընդունման արդյունքում կձեւավորվեն միավորված համայնքներ՝ Արագածոտնի մարզում՝ Թալին համայնք, որն իր մեջ կմիավորի Թալին եւ Արագածավան համայնքները, Գեղարքունիքի մարզում՝ Ճամբարակ համայնք, որը կներառի Ճամբարակը եւ Շողակաթը, Լոռու մարզում՝ Ալավերդի համայնք, որն իր մեջ կմիավորի Ալավերդին, Ախթալան եւ Օձունը, Լոռու մարզում՝ Տաշիր համայնք, որը կներառի Տաշիրը, Մեծավանը եւ Սարչապետը, Սյունիքի մարզում՝ Սիսիան համայնք, որը կներառի Սիսիանը եւ Գորայքը: Նշվել է, որ խոշորացվելու են մեկ անգամ արդեն խոշորացված համայնքները:

Համայնքների միավորման արդյունքում Թալին համայնքը կունենա   37.600, Ճամբարակը՝ 15.000, Ալավերդին՝ 42.000, Տաշիրը՝ 28.000 եւ Սիսիանը՝ 31.000 բնակչություն: Ըստ Վաչե Տերտերյանի՝ համայնքների խոշորացման գործընթացի նպատակն արդյունավետ ՏԻՄ համակարգ ունենալն է, ոչ թե տնտեսելը: Փոխնախարարը ներկայացրել է այդ մասին հավաստող տվյալները:

Ելույթներ են ունեցել լսումների մասնակիցները՝ հիմնականում դրական գնահատելով համայնքների խոշորացումը:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի գնահատմամբ՝ համայնքների խոշորացումը հնարավորություն է տալիս, որպեսզի ավելի շատ գումարներ հավաքագրվեն, եւ դրանց ճիշտ բաշխման միջոցով որոշակի աշխատանքներ կատարվեն համայնքների բնակավայրերում:   Պատգամավորն ընդգծել է, որ այս տարի կապիտալ ծախսերն ավելացել են 62 տոկոսով:

«Հիմա Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը Ֆինանսների նախարարության հետ աշխատում է հաջորդ տարվա մեր պետական բյուջեի վրա: Հաջորդ տարվա կապիտալ ծախսերը եւս ռեկորդային աճ են արձանագրելու այս տարվա համեմատ. նվազագույնը մի քանի տասնյակ տոկոսով ավելի կլինեն, քան այս տարվանն է»,- ասել է Գեւորգ Պապոյանը:

Ըստ նրա՝ դա վերաբերում է նաեւ սուբվենցիոն ծախսերի ավելացմանը: Պատգամավորը վստահեցրել է, որ համայնքների կողմից ներկայացված եւ մարզպետարանների հավանությանն արժանացած բոլոր խելամիտ սուբվենցիոն ծախսերն իրենց ֆինանսավորման միջոցները կգտնեն:

«Հաջորդ տարվա համար մեր կապիտալ ծախսերն ու սուբվենցիային ուղղվող գումարների ծավալը շատ ավելի բարձր են լինելու, քան 2022 թվականին է»,- ասել է Գեւորգ Պապոյանը՝ նկատելով, որ դա համայնքներին հնարավորություն կտա էականորեն ավելացնել այն ծրագրերն ու ծախսերը, որոնք մտադիր են իրականացնել:

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը նշել է մարզում տեղի ունեցած դրական փոփոխությունները, որոնք համայնքների խոշորացման արդյունք են: Մարզն այժմ բաղկացած է Գյումրի քաղաքից եւ 5 խոշորացված համայնքից: Մինչ խոշորացումը մարզը բաղկացած է եղել 3 քաղաքից եւ 116 գյուղական բնակավայրից: Համայնքների խոշորացման գործընթացը մարզում տեղի է ունեցել նախորդ տարի: Ըստ մարզպետի՝ գործընթացի  արդյունքում փոխվել է Շիրակի մարզի  դիմագիծը, հավասարաչափ են բաշխվում պետական միջոցները, առավել արդյունավետ է իրականացվում վերահսկողությունը:

Ամփոփելով լսումները՝ Վահե Ղալումյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկման համար, անդրադարձել հնչած առաջարկներին:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am